Թուրքիան հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել Սիրիայի հետ սահմանին: Զրահատեխնիկա և զինված ստորաբաժանումներ տեղափոխող շուրջ 110 զրահապատ մեքենաների ավտոշարասյունը` հատուկ անվտանգության միջոցների ձեռնարկմամբ հասել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի Քըրըքհանի շրջան: Այնուհետև Չոբանբեյի սահմանային անցակետը հատելով շարժվել է դեպի Սիրիա: Հատելով թուրք-սիրիական սահմանը՝ թուրքական զինուժը շարժվել է դեպի Եփրատ գետի արևելյան հատված, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություն սկսել տեղի քուրդ զինյալների դեմ: Հայտնում է Ermenihaber-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Եփրատ գետի արևելյան հատվածը՝ դրանով փաստացի «կանաչ լույս» վառելով թուրքերի առաջ: Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, որ գործողության անվանումը լինելու է «Խաղաղության ակունք», սակայն այդ մասին առայժմ պաշտոնական հաստատում չկա։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Թուրքիայի բանակի առաջին թիրախը լինելու են Թալաբադ և Ռեսուլայն քաղաքները, իսկ այնուհետև Քոբանի շրջանը: Դրանք այժմ գտնվում են Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։ Նշվում է նաև, որ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում կա 65.000 զինյալ և նրանց թիվը կարող է հասնել 100 հազարի։ Ռազմական գործողություններին մասնակցելու են թե՛ ցամաքային և թե՛ օդային ուժեր: |