ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
«Վարչապետի ուղեղում կա՛մ աջաբսանդալ է, կա՛մ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին». Շարմազանով
20:00, 10.10.2019 | mamul.am
8209 | 3

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը անկախ պետություն է և վերջ

Արցախյան բանակցությունների մեկնարկային փուլի հենց սկզբից հայկական դիվանագիտության գերխնդիրն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջացման իրացման միջոցով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:

Դեռևս 1991թ. սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրն ու 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախում ապրող 107.648 մարդ կամ հանրաքվեին մասնակիցների 99 տոկոսը «այո» է ասել Արցախի անկախությանը:

Տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, պետք է շարունակեր ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի ուղեղում կա՛մ աջաբսանդալ է, կա՛մ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին:

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց է, թե մանդատ չունի Արցախի փոխարեն բանակցելու, հետո Դուշանբեում չգիտես՝ ինչ պայմանավորվածություն ձեռք բերեց «կիրթ անձնավորության» հետ: Մեկ խոսեց լուծման անընդունելի զիջման տարբերակի մասին, մեկ էլ Ստեփանակերտում ոչ պակաս վտանագավոր ձևակերպում բարձրաձայնեց՝ հարվածելով մեր բանակցային դիրքերին:

Ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի լռությունը գրանտակեր, սորոսական-ահաբեկչական ուժերի կողմից «Արցախը Հայաստանի մարզ է» առաջին հայացքից ազգայնական թվացող, իրականում հակապետական կոչերի ֆոնին:

Նման անհեթեթ հայտարարությունները
ա Հայաստանը դարձնում են հակամարտող կողմ

բ. Քարտ բլանշ են տալիս Բաքվին. միջազգային հանրությունը կարող է մեղադրել Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ, ինչի մասին արդեն իսկ համանախագահ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է:

գ. Դիրքորոշումը, թե Արցախի Հանրապետություն գոյություն չունի, սատարելու է Բաքվի տարիների քարոզչությանը և հիմք է տալու ադրբեջանցիներին հասնել նրան, որ բոլոր հարթակներում Հայաստանը դիտարկվի որպես ագրեսոր:

դ. Զրոյացնում են այն ձեռքբերումները, որ ունեցել է Արցախի Հանրապետությունը անկախության հռչակումից ի վեր:

Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի և յուր ֆլեշմոբալայվային խրախճանքի ներքո:

Սթափվե՛ք, պարոնայք, տարածաշրջանային պայթյունավտանգ զարգացումների ֆոնին ձեր թեթևամտությունը (չեմ ուզում մտածել, թե գիտակցված եք գործում) աններելի է:

Հ.Գ. Արցախը անկախ հանրապետություն է և վերջ: Իսկ բոլոր նրանք, ովքեր այլ բան են պնդում, «դուխով» ջուր են լցնում «կիրթ և նորմալ գործընկերներոջ» ջրաղացին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր