ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Թշնամի-թշնամի ասելով՝ մեր բարեկամների թիվը չենք ավելացնի». Կ. Հովհաննիսյան
02:05, 18.10.2019 | mamul.am
3306 | 1

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի Սիրիայի հյուսիս փաստացի ներխուժումից հետո Հայաստանում մի տեսակ սրվել է պատմական հիշողությունների հետ կապված որոշակի դրվագներ: Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած մասնակցությունից սկսած և վերջացած նրանց չվստահելուց:
Ասեմ, որ քուրդ ազգ, որպես այդպիսին գոյություն չունի, կան քրդական բազմաթիվ ցեղեր, տարբեր լեզվմտածողությամբ, անգամ իրար անհասկանալի բարբառներով, որոնց անգամ բարբառ չի կարելի համարել: Այդ ցեղերը նույնիսկ միմյանց են կոտորում հենց պատեհ առիթ է լինում, շատ ավելի թշնամի են, քան ասենք՝ իրենց հավաքական ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի հետ:

Երբ մտաբերում ենք մեր պապերի պատմածը, որ թուրքն ու քուրդն են ձեռք ձեռքի տված մեզ կոտորել, ապա պետք է նաև մտաբերենք այն հիշողությունը, որը կրկին մեր պապերն են մեզ պատմել, թե ինչպես են քուրդ ընկերները, հարևանները փրկել իրենց՝ թաքցնելով գոմում, այգում և այլուր (սա հենց տարբեր ցեղերի ներկայացուցիչ լինելու հանգամանքն է):
Եվ մի բան էլ. այո, մեզ 1915թ.-ին ցեղասպանել են, բայց ես չեմ ուզում միշտ ապրել զոհի, ցեղասպանվածի կարգավիճակով, ու ես կուզեմ, որ բոլորս էլ պատրաստ լինենք, ոչ թե ինչ-որ երկրի կողմից Ցեղասպանության ընդունման, կամ այդ բառը արտասանելու համար ծափահարության, այլ պարզապես իրական քայլեր անենք ներկա խաղացողների հետ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու համար: Թե չէ թշնամի-թշնամի ասելով՝ մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր