«Եթե քրեական գործ է հարուցված, պաշտպանության նախարարությունը կարող է միայն օժանդակել քրեական գործի օբյեկտիվ քննության իրականացմանը: Ցանկացած այլ միջամտություն օրենքով պատժելի գործողություն է». նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների՝ իրական մեղավորների բացահայտում կատարելու պահանջին ի պատասխան: Ըստ փոխնախարարի՝ 2014թ. հետո, երբ օրենքի ուժով ստեղծվեց ՀՀ քննչական կոմիտեն, ՊՆ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն այլևս գոյություն չունի: Այդտեղ ՊՆ իրավասությունը մնում է միայն հետաքննության և դատախազության հանձնարարությամբ օպերատիվ միջոցառումների իրականացումը: Վերջնական որոշելիքը դատարաններինն է:
|