ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կացին՝ հայագիտական առարկաների գլխին». պատմաբանն ու բանասերը՝ աղմկահարույց նախագծի մասին
15:15, 13.11.2019 | mamul.am
3868 | 1

«Այս օրենքի նախագծով ԳԱԱ-ն փաստորեն վերանում է: Նախարարի խոսքով ասվեց, որ իրենց նպատակը գիտությունը բուհեր տեղափոխելն է: Դա նշանակում է, որ բուհերում գիտություն չկա, ես այդ կարծիքին չեմ: Գիտության ու կրթության ոլորտում բազում խնդիրներ կան, սակայն չգիտես ինչու՝ առաջին հերթին կացինն իջավ հայագիտական առարկաների վրա». նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ գնահատելով «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքի նախագիծը:

Ա. Մելքոնյանը նկատեց, որ Հարվարդի համալսարանում հայերեն են սովորում, մինչդեռ մենք ի՞նչ օրինակ ենք դառնում Սփյուռքի համար: Պատմաբանն ասաց, որ իրենք լինում են զորամասերում, հայոց պատմության դասախոսություններ են կարդում, որոնք ունկնդիրները մեծ ուշադրությամբ են լսում: Նրա պնդմամբ՝ ՀՀ-ում գործող ակադեմիական կրթությունը որևէ առնչություն չունի խորհրդային կրթության հետ: Այդ համակարգը միջնադարից է գալիս, որն ընդօրինակել է Ռուսաստանը: Այն եվրոպական կրթական համակարգ է:

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն էլ հայտարարեց, որ օրինագիծը հասարակության կողմից մերժված է: Նա սխալ համարեց 2 ոլորտները՝ գիտությունը և կրթությունը մեկ օրենքով ներկայացնելը, դրանք պետք է առանձին օրենքներով լինեն:

«Նախագծում գիտությունը խեղճ սպասավորի դերում է ներկայացված»,- նշեց նա:

Նույնատիպ կարծիքներ հայտնեցին նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նախագիծը կյանքի կոչվելու դեպքում իրենց հետագա քայլերի մասին ասացին, որ հույս ունեն, որ ողջախոհությունը կհաղթի, և նախագիծն օրենք չի դառնա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր