«Թե՛ հարակից, թե՛ ամփոփիչ ելույթներում կուզեի լսել՝ ովքեր են իրենց կապիտալները երկրից դուրս տանում. շատ հետաքրքիր է: Եվ երկրորդը՝ իսկ ինչո՞ւ են տանում: Բայց ինչպե՞ս չտանեն, երբ պետությունը, որ ամենախոշոր գործատուն է ՀՀ-ում և արտասահմանում, ինքն իր կապիտալ ծախսերի փողերը չի կարողանում ծախսել: Օրինակ՝ 2019թ. բյուջեում մենք դրել ենք 221 միլիարդ դրամ կամ 500 միլիոն դոլար, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսել ենք 89 միլիարդ դրամ կամ 150 միլիոն դոլար». նոյեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը: Ըստ պատգամավորի՝ ինքն ընդունելի կհամարեր, եթե պետությունն ազնվորեն հայտարարեր, որ չունենք այն պայմանները ներդրումների համար, թե որ ուղղություններով ծախսենք: Մ. Մելքումյանը նկատեց, որ մեկուկես տարին բավարար էր, որպեսզի ներդրումների համար միջավայր ստեղծվեր: «Խնդիր է դրվում, որ օրինակ՝ ճանապարհաշինության մեջ նոր խաղացողներ չեն առաջանում: Ես հեռու եմ այն մտքից, որ Ռուսաստանից պետք է գան ու ՀՀ-ում տենդեր շահեն: Հլը մենք պիտի գնանք, որովհետև լավ կլինի, որ հայկական ռեզիդենտ ընկերությունը շահի, ու մեր աշխատողներն աշխատեն: Բայց ինչո՞ւ նոր խաղացողներ չեն հայտնվում. որովհետև նեդրումներ չեն արվում նոր խաղացողների ձևավորման համար»,- մեկնաբանեց պատգամավորը: Նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ քայլ չի արվում Մեղրու ազատ գոտին Իրանի հետ կապող տնտեսական կամուրջ դարձնելու համար: «Ի՞նչ է, գնանք Կիրգիզիայի փո՞րձն ուսումնասիրենք»,- ասաց նա՝ հավելելով, թե որևէ երկրի փորձ ներկայացնելու կողմնակից չէ: «Իրանում չինացիները, թուրքերն ու ադրբեջանցիներն ինվեստիցիաներով են զբաղված, իսկ մենք պարապուրդի ենք մտել: Դեռ 1-1,5 տարի առաջ կարելի էր Փոթիի մոտակայքում էժան հողեր առնել, տերմինալ կառուցել»,- ասաց Մելքումյանը՝ հարուցելով ոմանց ժպիտը, ինչին ԲՀԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Մենք դրան պետք է հասնենք, այդ ժամանակ ոչ թե կժպտանք, այլ կուրախանանք հաջողությամբ»: |