Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.03, EUR 530.47, RUB 7.50, GBP 627.41
+3 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաների ձեռքբերման վերաբերյալ. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
22:40, 03.12.2019

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կարծիքը Երևանի քաղաքապետարանի կողմից աղբատար մեքենաների ձեռքբերման վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, արձագանքելով որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանի կողմից սանիտարական մաքրման ծառայության համայնքային կազմակերպության համար «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարները նվիրատվությամբ ստանալու վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումներին, կարծում է, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։

Մասնավոր հատվածի կողմից հանրային կառույցին, մասնավորապես, համայնքային մարմիններին նվիրատվություններն ու նվիրաբերությունները ընդունված պրակտիկա են և երբեմն խրախուսվում են որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եղանակ: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ այս գործընթացում չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը, որոնք կարող են ներառել պարտադրանք՝ կատարելու նվիրաբերություններ, հնարավոր պայմանավորվածություններ՝ ընկերությանը արտոնություններ տրամադրելու կամ այդ առնչությամբ անօրինական որոշումներ ընդունելու առումով: Երևան քաղաքին աղբատար մեքենաների նվիրաբերության դրվագում նման ռիսկերի վերաբերյալ որևէ հրապարակային փաստ ներկա պահին ներկայացված չէ, թեև անշուշտ կասկած են հարուցում կատարված նվիրաբերությունների ժամանակահատվածը, որը համընկնում է օրինակ՝ փոխակապկցված անձանց շինթույլտվությունների ստացման ժամանակահատվածին:

Հարկ ենք համարում նշել, որ կոռուպցիոն ռիսկեր ծնող հիմնական գործոնը Երևանի քաղաքապետարանի կառավարման ոչ բավարար թափանցիկ և հաշվետվողական գործելակերպն է, ինչը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել շուտափույթ միջոցառումներ:

Մասնավորապես, վերհանված խնդիրների համատեքստում անհրաժեշտ է.

1. Երևանի քաղաքապետարանին և դրան կից համայնքային կազմակերպություններին տրամադրվող նվերներն անմիջապես գրանցել էլեկտրոնային հաշվառման հրապարակային գրանցամատյանում և հասանելի դարձնել հանրությանը:

2. Բոլոր քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ հողահատկացման որոշումները, ճարտարապետահատակագծային առաջադրանքները, քանդման և շինարարության թույլտվությունների ամբողջական տեղակատվությունը տեղադրել Երևանի քաղաքապետարանի կայքում:

3. Երևան քաղաքի քաղաքաշինական գործընթացներում իրականացնել հանրային քննարկումներ, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքաշինության մասին օրենքով և ՀՀ կառավարության 1998-ի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշմամբ: Միաժամանակ նախաձեռնել այս գործընթացների ներառականությանն ու առավել վաղ փուլում հանրային ներգրավման գործիքակազմի հզորացմանը միտված լրացուցիչ քայլեր։

4. Վերացնել ՀՀ կառավարության 2006-ի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշումը, որը նախորդ կոռումպացված ռեժիմի կողմից հատուկ ստեղծվել է կոռուպցիոն գործարքները խթանելու նպատակով:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր