«Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին: Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշել է, որ այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին. «Մենք դժգոհ ենք ձեզնից, ուզում ենք ազատվել ձեզնից և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»: «Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը եթերի ընթացքում նշել է, թե չի հասկանում՝ ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որ Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա: Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրգործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը: Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում: |