ԱԺ-ն հունվարի 21-ի նիստը սկսեց նախորդ օրը քննարկած նախագծերի քվեարկությամբ: Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Փոփոխությամբ խստացվում է զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասապանության փորձի հասցնելու համար պատիժը: Առկա կարգավորմամբ 3 տարի ազատազրկումը փոխարինվում է 4-8 տարի ազատազրկմամբ: Ընդունվեց նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով սահմանվում է, որ վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների ընդունած վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը բողոքարկման պետք է ներկայացվեն ընդունած մարմին կամ դատական կարգով, այլ ոչ թե ուղարկվեն վարչապետին կամ կառավարությանը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» քվեարկված օրենքի նախագծով էլ սահմանվում է, որ ՀՀ գերատեսչությունների ղեկավարների խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային ցենզը 25 է՝ նախկին 30-ի փոխարեն, իսկ պաշտոնի անձնագրով պահանջվող 5 տարին դառնում է 3 տարի: Առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ պետական մրցանակների մասին» օրինագիծը: Դրա համաձայն՝ սահմանվում է 10 պետական մրցանակ՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում: Կառավարությունն իրավասու է լինելու սահմանել ՀՀ մրցանակների այլ տեսակներ: Այս նախագծին ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ-ն, իսկ դեմ՝ ԼՀԿ-ն: Նրանք հայտարարեցին, որ 2-րդ ընթերցմանն առաջարկություններ են ներկայացնելու: |