Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Զինված ուժերում այս տարվա ընթացքում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ:ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն այս մասին հայտարարություն է տարածել. «2020թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցված 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը hորդորում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագետներին և «վերլուծաբաններին» զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու, դրանցից անձնական և քաղաքական դիվիդենտներ քաղելու ապակայունացնող փորձերից, հասարակությանն էլ կոչ է անում ապատեղեկատվությունից խուսափելու և մանիպուլյացիաների չենթարկվելու համար հետևել պաշտոնական լրահոսին: Յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ և ցավ է Զինված ուժերի հրամանատարական կազմի համար: Կրկին ցավակցում ենք բոլոր մահացած զինծառայողների հարազատներին, համբերություն ենք մաղթում նրանց: Վստահեցնում ենք, որ զինծառայողների մարտունակությունը բարձր է, և մենք շարունակում ենք անշեղորեն կատարել մեր առջև դրված մարտական խնդիրները»: |