Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հաջորդ քայլով մեղադրանք պետք է առաջադրվի Նիկոլ Փաշինյանին». Քոչարյանի պաշտպան
00:20, 28.02.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որի վերաբերյալ դատարանի որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի մարտի 3-ին:

Tert.am-ի եթերում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը մանրամասնել է իրենց ներկայացրած միջնորդությունը: Նրա խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը բազմաթիվ են, դրանցից մեկն էլ այն է, որ ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, հետևաբար, հետադարձ ուժ չունի, որովհետև 2008թ. այդ հանցակազմը չի եղել:

Դիտարկմանը, թե պաշտպանական կողմը վկայակոչում է «Յոթի գործը» (2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը), որի մեղադրանքից դատախազները 2009թ. հրաժարվեցին, սակայն կա՞ պատճառաբանություն, թե ինչի՞ց ելնելով են հրաժարվել այդ մեղադրանքից, Հովհաննես Խուդոյանն ասել է. «Չպետք է երեք էջ հիմնավորում դնել դրա մեջ, ներկայացնել Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպեր, տարբեր տեսաբանների կարծիքներ, եթե լուծումը շատ պարզ է ու այդ լուծումը ընդամենը մեկ տողով դատախազությունն այն ժամանակ արձանագրել է: Կա նոր հանցագործություն՝ հին արարքների նկատմամբ չի կարող այդ հոդվածը կիրառվել, սա շատ պարզ է»,- ասել է նա:

Ճշտող հարցին՝ «Յոթի գործով» դատախազները բացատրե՞լ են՝ ինչու են իրենք հրաժարվում այդ մեղադրանքից, Խուդոյանը պատասխանել է. «Իրենց կողմից բանավոր բացատրություններ ինչ-որ տեսած գրություններ առկա չեն, բացի դատական նիստի ձայնագրությունը, իրենց կողմից կայացված որոշման մեջ ուղղակի արձանագրված է, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հանցակազմեր, մենք հրաժարվում ենք մեղադրանքից, որովհետև օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ: Բառացի դա արձանագրված է»:

Հարցին՝ ինչու պետք է այս գործով մեղադրողները առաջնորդվեն նրանով, թե ինչ է տեղի ունեցել 11 տարի առաջ նույն գործով մեկ այլ դատախազի կողմից, ինչո՞ւ պետք է դատախազը առաջնորդվի հենց այն դատախազի ասածով, չէ որ Քրեական դատավարության օրենսգրքով առաջնորդվելու է ներքին համոզմամբ, բացի այդ, այն դատախազները չեն պատճառաբանել մեղադրանքից հրաժարվելը՝ Խուդոյանը պատասխանել է, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ այն արարքը, որում անձը մեղադրվում է, պետք է շատ ունիվերսալ լինի բոլորի համար:

Հարցին, թե ցանկանո՞ւմ է, որ վերաբացվի «Յոթի գործը», Հովհաննես Խուդոյանն ասել է. «Եթե պարոն Քոչարյանի գործով դատախազները պնդում են, որ իրենք ճիշտ են, ապա իրենց գործընկերները 2008թ. սխալվել են, իրենք դրա համար պատասխանատու են այնքանով, որ եթե իրենց գործընկերները սխալվել են, իրենք էլ դատախազներն են, պարտավոր են քրեական գործ հարուցել այն դատախազների նկատմամբ, ովքեր այդպիսի սխալ են թույլ տվել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ, որ վաղը ևեթ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Թադևոսյանի նկատմամբ սկսվի քրեական հետապնդում, որովհետև ինքն այն դատախազներից մեկն էր, ով ասել էր, որ այս հոդվածը չի կարող կիրառվել: Դա ենթադրում է, որ պետք է վերաբացվի «Յոթի գործը», և արդեն, ոչ թե իրավական հիմքով, այլ փաստական հիմքով: Դա էլ նշանակում է, որ հաջորդ քայլով մեղադրանք պետք է առաջադրվի Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հաջորդ քայլով մեղադրանք պետք է առաջադրվի Նիկոլ Փաշինյանին». Քոչարյանի պաշտպան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր