«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, որոնց հետ այսօր հանդիպել է դեսպանատանն առնթեր ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, նրանց նախաձեռնությամբ կազմել են հայրենիք վերադառնալուն սպասողների ցուցակ: Հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից: «Կազմված ցուցակը փոխանցվել է դեսպանատանը հրապարակման համար՝ քաղաքացիների խնդրանքով: Դեպի Երևան մեկ ուրիշ թռիչք կազմակերպելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչության կողմից ցուցակը կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը: Դեսպանատունը երաշխավորում է, որ ցուցակում ընդգրկված առաջնահերթ քաղաքացիների անունով առաջիկա չվերթի համար դուրս կգրվեն տոմսեր (համապատասխան թույլտվությունն ստանալու դեպքում)»: |