Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին հարցը: Հարց տալու իրավունք խնդրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Այն, ինչ հնչեց քիչ առաջ, ինձ համար նվաստացուցիչ է: Ինձ համար դա ամոթ չի, դա ձեր քաղաքական թիմի ամոթն է: Ու դուք էսօր կարողանում եք քննարկել այդ հարցը օրակարգից հանելու հա՞րցը: Նույնիսկ ՀՀԿ-ականները դա չեն արել: Փառք ԵԿՄ-ի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանին, Փառք Եռաբլուրին, ԵԿՄ-ի բոլոր տղաներին»,- ասաց նա՝ հավելելով. «Առաջ ԵԿՄ-ի նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր թիմից է, ինչո՞ւ եք կռիվ տալիս․․․ Ես Սասուն Միքայելյանի թասիբը կպահեմ ձեր փոխարեն»: Այնուհանդերձ՝ հարցը օրակարգից հանելու առաջարկությունը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց: |