Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+21 °C, +18 °C ... +29 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Եվրոպացիները կտնօրինեն հայկական շուկան․ «սև ցուցակի» հետքերով․ «Ժողովուրդ»
08:45, 03.06.2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որևէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր: Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետևանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սև ցուցակում:

Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, և դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակներից»,- նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, և սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթևիկ Ռևազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, և չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»: Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» և «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբևէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր