Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը կոչ է արել ընդլայնել OPEC+ գործարքի մասնակիցների թիվը՝ նավթի արդյունահանման կրճատման համար:
«Նավթի շուկայում կայունությունը բխում է նրա բոլոր մասնակիցների շահերից: Այս առումով, ես կարևոր եմ համարում հետագայում ընդլայնել OPEC+ ձևաչափը՝ ներգրավելով այլ երկրներին և արտահանողներին»,- ասել է Շահբազովը՝ «Վալդայ» ակումբի նիստի ժամանակ։ Ըստ նրա՝ նավթի պահանջարկի նախաճգնաժամային մակարդակի վերադարձը կտևի առնվազն երկու տարի: «Ցավոք սրտի, չի կարելի վստահորեն ակնկալել, որ մոտ ապագայում պահանջարկը լիովին կվերականգնվի: Ըստ որոշ գնահատականների, նավթի շուկան կայունացնելու համար առնվազն 2 տարի կպահանջվի»,- նշել է նախարարը: