Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.33, EUR 582.43, RUB 6.33, GBP 639.50
+14 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հանրային քննարկման է դրվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը
11:35, 14.08.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը, որի նպատակն է մեխանիզմներ ստեղծել դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումների աջակցմանը, ինչպես նաև ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Նախագծով առաջարկվում է՝

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

Համաձայն նախագծի՝ դպրոցներում երկարօրյա խմբերը կազմակերպվում են սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա և համալրվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:

Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար տնօրենի և ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր: Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության, անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:

Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:

Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել դպրոցի ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատում է հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, իսկ ոչ պետական հաստատության դեպքում՝ հիմնադիրը։

Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կատարած մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:

Երկարօրյա խմբում դասապատրաստմանը օրական հատկացվում է 1-4-րդ դասարաններում՝ մինչև 2, 5-9-րդ դասարաններում՝ մինչև 3 ակադեմիական դասաժամ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր