«Առաքելությունն անիրագործելի է 7» լրտեսական մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատար Թոմ Քրուզը կրկին բարձրացրել է հնարքային նկարահանումների նշաձողը՝ մոտոցիկլետով թռիչք կատարելով դեպի անդունդ: Դրվագը նկարահանվել է Նորվեգիայում։ Լեռան վրա կառուցվել է թեքահարթակ, որն էլ օգտագործվել է ցատկի համար: Նշենք, որ դերասանի կյանքում ամենավտանգավոր հնարքից մեկի կատարման համար, իրականացվել են բազմաթիվ մարզումներ ու ճշգրիտ հաշվարկներ: Քրուզը մի քանի անգամ օդապարիկով պարզապես թռել է ժայռից, որպեսզի հստակեցնի քամու ուղղությունը և ընտրի առավել հաջող անկյունները նկարահանման համար։ «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթում հայտնվեր 2021-ի ամռանը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով նկարահանումները հետաձգվել են գրեթե կես տարով, իսկ թողարկումը հետաձգվել է մինչև աշուն: |