Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԲՀՊՏ-ները վերսկսում են իրենց աշխատանքները Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ավարտը, առաջնորդվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով և ԲՀՊՏ-ների կանոնադրություններով՝ վերսկսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների արգելոցային տարածքներ մուտքի կազմակերպման և թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Մուտքն արգելոցային գոտու կամ արգելավայրերի տարածք թույլատրվում է միայն կազմակերպության համապատասխան աշխատողի ուղեկցությամբ: Արգելոցի և արգելավայրերի տարածք մուտք գործելու համար`
- իրավաբանական անձինք նախապես դիմում են ներկայացնում կազմակերպությանը` մուտքի անցագիր ձեռք բերելու համար, որում պետք է ներառվեն տեղեկություններ տարածք մուտք գործելու նպատակի, ժամանակի և մուտք գործող անձանց թվի վերաբերյալ,
- զբոսաշրջային կազմակերպությունները նախապես կարող են կնքել պայմանագրեր` զբոսաշրջությունը կազմակերպելու համար
- ֆիզիկական անձինք տարածք մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը մուծելուց և կազմակերպության կողմից անցագիր ստանալուց հետո
- սահմանված մուտքավճարներն իրավաբանական անձինք նախապես մուծում են կազմակերպության բանկային հաշվեհամարին, իսկ ֆիզիկական անձինք` ինչպես բանկային հաշվեհամարին, այնպես էլ արգելոցի և արգելավայրի անցակետերում
Կազմակերպությունն արգելոցի և արգելավայրերի տարածք ֆիզիկական և իրավաբանական անձանց մուտք գործելու համար տպագրում է տարբերակված անցագրեր: Արգելոցի կամ արգելավայրի տարածք մուտք գործողները սահմանված կարգով գրանցվում են արգելոցի կամ արգելավայրի մուտքի գրանցամատյանում: Գրանցամատյանի վարումն իրականացնում է կազմակերպությունը: Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝
- բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը,
- որսորդությունը, ձկնորսությունը,
- բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից,
- անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,
- երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում,
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը»:
|