ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և բազմաթիվ կամավորների մասնակցությամբ «Իմ քայլը» հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակում Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում այսօր մասնակցել եմ մաքրապատման աշխատանքներին։ Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը՝ բնությանը վերադարձնելով իր իրական տեսքն ու հմայքը: «Իմ քայլը» հիմնադրամի կարևորագույն ուղղություններից է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում իրականացնելով վարքագծային փոփոխություններ, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխությանը: Ծրագիրը ֆինանսավորում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը»: |