ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սովորողը ջերմիջեցնող է խմել և գնացել ուսումնական հաստատություն». Ժաննա Անդրեասյան
00:05, 27.09.2020 | mamul.am
8089 | 0

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համավարակը բազմաշերտ ազդեցություն է թողնում կրթության և դրանից բխող՝ հանրային զարգացման վրա։ Համաձայն ՄԱԿ-ի զեկույցի՝ այս իրավիճակում մասնավորապես սրվում են կրթության անհավասար հնարավորություններն աշխարհում։ Կրթությունը դառնում է առավել անմատչելի կոնկրետ խմբերի համար՝ ինչպես սոցիալապես անապահով ընտանիքները, հաշմանդամություն ունեցող երեխաները, փախստականների և գաղթականների խմբերը։ Աշխարհում լրացուցիչ 23.8 միլիոն երեխա կանգնած է կրթությունից դուրս մնալու խնդրի առաջ այս պատճառով։
COVID-19-ի շատ կարևոր ազդեցությունը կրթական համակարգի վրա համաշխարհային մակարդակով արտացոլվում է նաև կրթության ֆինանսավորման ծավալների կրճատմամբ։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, սա կարող է զգալի ավելացնել կրթության տարեկան ֆինանսավորման բացը, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար հասել էր տարեկան շուրջ 148 միլիարդ ԱՄՆ դոլարի և կարող է ավելանալ ևս շուրջ մեկ երրորդով։
Երբ խոսում ենք մեր երկրում կրթական համակարգի մասին, կարևոր է հաշվի առնել այս ընդհանուր միտումները։
Յուրաքանչյուրս իր վարքագծով կարող ենք նպաստել իրավիճակի հետագա խորացմանը կամ օր առաջ դադարեցմանը։ Նախորդ օրը տեղեկություններ ստացանք, որ ուսումնական հաստատություններից մեկում սովորողը ջերմություն է ունեցել, ջերմիջեցնող է խմել, որպեսզի հաստատությունում ջերմաչափման ժամանակ խնդիրը չարձանագրվի և գնացել հաստատություն։
Սա, կարծում եմ, անթույլատրելի է։ Այսօր պետք է լինենք ավելի ուշադիր, քան սովորաբար, որովհետև մեր որոշումները վերաբերում են և վերաբերելու են ոչ միայն մեզ։ Մեր ռիսկային վարքագիծը ավելացնելու է այդ ռիսկը մեր դասընկերների, ուսուցիչների, ընտանիքների համար։ Լուծումը յուրաքանչյուրիս կողքին ոստիկան կարգելը չէ, լուծումը իրավիճակի գիտակցումն է յուրաքանչյուրիս կողմից ու հանրային պատասխանատու վարքագիծը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր