Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 509.14, EUR 613.77, RUB 6.73, GBP 679.29
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ահա Արցախյան խաղաղ կարգավորման բանակցությունների պատմության ընդհանուր պատկերը». Նարեկ Սարգսյան
06:20, 22.10.2020

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հարցի խաղաղ կարգավորման մասին Հրանտ Տեր-Աբրահամյանի վերջին գրածի առթիվ (հղումը մեկնաբանության մեջ) և ի լրումն իմ վերջին լայվի, որտեղ միջազգային իրավունքի տեսանկյունից փորձեցի բացատրել արցախյան հիմնախնդրի էությունը, սույն տեքստով փորձեմ բացատրել, թե ինչու հարցը մինչև այսօր այդպես էլ չի կարգավորվել և թե որն է խնդրի բարդությունը։
Հրանտը ճիշտ է նկատում, որ հարցը ըստ էության ունի տարբեր կոնցեպցիաներ։
Կոնցեպցիա՝ 1. Տարածքների փոխանակություն. Թվում է, թե հիանալի միտք է՝ Ղարաբաղը՝ Լաչինով՝ հայերին, շրջակա տարածքերներև Մեղրին՝ Ադրբեջանին՝ բոլորն հասան իրենց մուրազին։ Միայն թե ա) առանց Հայ-իրանական սահմանի Հայաստանը դառնում է մեռելածին պետություն և բ) Հայ-Իրանական սահմանը ունի հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն թե՛ Իրանի և Թե՛ Ռուսաստանի համար։ Թեև կա այսպես կոչված «Էստակադայի» մոդելը, որով Ադրբեջանը ստանում է ո՛չ թե Մեղրիի շրջանը, այլ այդ շրջանի միջով սուվերեն ճանապարհ Արաքսի ափով, բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ եթե Ճանապարհը սուվերեն է, ուրեմն Հայ-Իրանական սահաման չկա։ Տարածքների փոխանակումը Հայաստանի և Ղարաբաղի «Մահվան թուղթն է»։ Այս կոնցեպտին բնականաբար դեմ է Հայաստանը, սա թույլ չեն տա Ռուսաստանն ու Իրանը և ի դեպ սրան ժամանակին դեմ է եղել նաև Ադրբեջանը։ Թեման փակվեց։ Տարածքների փոխանակություն հնարավոր չէ։
Կոնցեպցիա 2. «Ընդհանուր Պետություն»։ Սա Մինսկի խմբի ներկայացրած տարբերակներից մեկն է, որը քննարկվել է կածեմ 1998-ից սկսած։ Սրա իմաստն այն է, որ Ղարաբաղը և Ադրբեջանը միասին կազմում են ընդհանուր պետություն։ Սրանով նույնպես փորձ է արվում հարցը մի ձև «սղղցնել», իմա՝ ո՛չ թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այլ իբր հավասարազոր միավորներ են մի պետության մեջ, ինչպես ասենք Չեխոսլովակիան։ Բայց երեխային էլ պարզ է, որ չեն կարող 150.000-ը և 10 միլիոնը հավասարազոր միավորներ լինել։ Հետևաբար այս կոնցեպտին ո՛նց նայում ես, որ կողմից շրջում ես՝ դա այլ բան չէ, քան բարձր, շա՛տ բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում՝ ինչի մասին Ադրբեջանը երազում է։ Այս Կոնցեպտին Ադրբեջանը նույնիսկ եթե համաձայնի, Հայաստանն ու Ղարաբաղը երբեք չեն կարող համաձայնել։ Կմեռնենք, բայց չենք համաձայնի։
Կոնցեպտ 3. «ԱՆկախություն՝ տարածքների փոխարեն»։ Ադրբեջանը ստանում է Ղարաբաղի հարակից տարածքներ և փոխարենը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա ընդունելի է Հայաստանի և Արցախի համար, բայց սրան կտրականապես դեմ է Ադրբեջանը։ Կմեռնի, բայց չի ճանաչի։
Էս բոլոր կոնցեպտների անունը դրվել է «Փաթեթային տարբերակ» - լուծում մեկ փաթեթով։ Այսինքն նստում ենք հայով ադրբեջանցիով ու միջնորդներով, կոֆեն դնում ենք, մի հատ սիրուն փաթեթ ենք կազմում՝ մեջը գրում ենք բոլոր մանրուքները, որոշում ենք, իրականացնում ենք, հարցը լուծում-պրծնում ենք, ու սաղովի թռնում ենք Ստոկհոլմ՝ Նոբելյան մրցանակ ստանալու։
Էդպես էլ փորձել են։ Այս բոլոր կոնցեպտները հազար անգամ քննարկվել, ծամվել, ծամծմվել, գրվել, ջնջվել և բանակցվել են… և հասկացել են, որ չէ։ Չէ, չէ, չէ։ Չի՛ ստացվում։ Չկա՛ այնպիսի փաթեթային տարբերակ, որին բոլոր կողմերը համաձայնեն։ Ոնց ֆռռցնում ես, կա՛մ Հայաստանն ու Արցախն են դեմ, կա՛մ Ադրբեջանը, կա՛մ բոլորը միասին։
Երբ հասկացել են, որ չկա, ասել են՝ դե լավ, եկեք փուլային տարբերակով անենք։ Փուլայինը վատ է բոլորի համար։ Լավ կլիներ Փաթեթային։ Բայց Փաթեթային չկար։ Լիներ՝ հիանալի։ Բայց չկար։ Փուլայինը լավ տարբերակ չէր, այլ չարյաց փոքրագույնն էր։ Դրա համար էլ գնացել են փուլայինով։
Միջնորդներն կողմերին ասել են՝ դե եկեք սենց անենք՝ փուլ-փուլ գնում ենք։ Ադրբեջանը ստանում է 5 շրջան, բայց (և սա շատ կարևոր է) իրավունք չի ունենում այդ շրջաններում զորք տեղակայել։ Ղարաբաղը ստանում էմիջանկյալ կարգավիճակ՝ վերջնական կարգավիճակը թողնելով ապագային։ Պայմանավորվում ենք, որ Լաչինը Ղարաբաղի մաս է դառնում, որ Հայաստանի հետ ճանապարհի հարցը լուծվի։ Իսկ Քելբաջարը՝ վերադարձվում է ավելի ուշ, քան 5 շրջանները։ Կողմերն ասել են՝ լավ։ Բա դետալնե՞րը։ Այ էստեղ է թաղված շան գլուխը։ Որովհետև հենց դետալների մեջ է որոշվում, թե կողմերից որն է ավելի շատ շահում։ Դետալներն են՝ Ղարաբաղի կարգավիճակը ե՞րբ է որոշում, ո՞վ է կազմակերպում հանրաքվեն, ո՞վ է մասնակցում հանրաքվեին, ի՞նչ իրավական հետևան է ունենում հանրաքվեն, ինչպե՞ս է ապահովվում 5 շրջանների դեմիլիտարիզացիան (ապառազմականացումը), ե՞րբ է վերադարձվում 6-րդ շրջանը, ի՞նչ խաղաղապահներ են տեղակայվում 5 շրջաններում, ի՞նչ մեծություն է ունենում Լաչինի միջանցը ևն, ևն, ևն։
1997-ին մեր դիվանագիտությունը հասել էր նրան, որ նշված բոլոր դետալներով մենք ունեինք այնպիսի շահեկան վիճակ, որ Ադրբեջանը գրեթե ստորագրում էր Արցախի «անկախության հռչակագրի» տակ, քանի որ դետալների մեծ մասը մեր օգտին էր, Ղարաբաղն էլ՝ առանձին կողմ էր։
Անցավ 20 տարի և 2018 թվականի դրությամբ արդեն մեր դիրքերը այնքան էին թուլացել, որ ՆՈՒՅՆ կոնցեպտի լուծման պարագայում առանց բացառության բոլոր դետալները Ադրբեջանի օգտին էին այն աստիճանի, որ Հայաստանը վերադարձնում էր 5 շրջան, բայց Ադրբեջանը չէր ընդունում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, Ղարաբաղն էլ ՝ կողմ չէր։
Իսկ արդեն 2020 –ի բանը հասավ նրան, որ Ադրբեջանը չբավարարվեց նաև դրանով և պատերազմ սկսեց։
Ահա Արցախյան խաղաղ կարգավորման բանակցությունների պատմության ընդհանուր պատկերը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր