ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀ ԱԳ նախարարությունը՝ տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ
08:30, 02.11.2020 | mamul.am
8964 | 0

ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ հայտարարություն է տարածել. «Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:
Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից և Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների և միջազգային հանրության կողմից, այլև արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:
Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների և յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգևավճարների», ինչպես նաև իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:
Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:
Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր