ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին
22:05, 19.11.2020 | mamul.am
6243 | 0

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին․
կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը:

Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:

Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը:

Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից բացառապես մարտական նշանակության գործողությունների իրականացմամբ և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։

Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր