«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ կգումարի: Այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում: Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։ Բանն այն է, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: Եթե խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում և որոշում կայացնի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |