Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
+6 °C, +1 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կրեմլն ու Բաքուն որոշել են միջամտել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը». Հովսեփ Խուրշուդյան
20:00, 26.11.2020

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ադրբեջանցիների սադրանքը Սոթքում, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման ձգձգումը ցույց են տալիս, որ այս խառնակ օրերին Կրեմլն ու Բաքուն որոշել են ակտիվորեն միջամտել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը և Հայաստանում հեղաշրջման միջոցով մեր երկրի ինքնիշխանության վերջնական կործանմանը և Երևանում ռուսական գուբերնատորի նշանակմանը։ Սա ընդամենը գործնական շարունակությունն է ռուսաստանյան ԶԼՄ-ներով օրեր շարունակ ընթացող ու Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված հակաքարոզչության և նրան իշխանազրկելու ուղիղ կոչերի։
Ես խնդիր չունեմ ՀՀ այն քաղաքացիների հետ, ովքեր կարծում են, որ դե եթե Կրեմլը ավելի լոյալ իշխանություն է ուզում ունենալ Հայաստանում, ապա պետք է նրա համար նման իշխանություն ձևավորել, «ճարներս ինչ»։ Պարզապես այդ մարդիկ արդյո՞ք գիտակցում են, որ հենց դարձանք փաստացի ռուսական գուբերնիա, հաջորդ քայլով դառնալու ենք նաև դե-յուրե Ռուսաստանի մաս՝ տարատեսակ միութենական պայմանագրերի քողի ներքո։ Արցախյան պատերազմում տվել ենք մի քանի հազար զոհ․ նրանք պատրա՞ստ են, որ նոր հազարավոր զոհեր էլ տանք ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում՝ Դոնբասում, ինչպես դա արեց Քադիրովը՝ օտար պատերազմում մահվան բերան ուղարկելով սեփական հայրենակիցներին, կամ ռուս-թուրքական պատերազմում Ղրիմի շուրջ, կամ թեկուզ հենց Կովկասում։ Իսկ հայ ժողովրդին այնժամ ոչ ոք չի էլ հարցնելու, թե մեր զորքը որտեղ և ինչպես օգտագործվի․ Կրեմլը հրահանգելու է՝ գուբերնատորն իրականացնելու է, ձեր սիրելի Սոլովյովի գլխավարած ուռա-քարոզչական նվագախմբի շեփորների ներքո։
Ինչն է ինձ զարմացնում՝ դա այն է, որ մեր ինքնիշխանության կողմնակիցներից ոմանք էլ ընկել են դեպրեսիվ հույզերի գիրկը և օր առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելով հույսեր են փայփայում, թե դրանից հետո Հայաստանում հնարավոր է լինելու շատ թե քիչ ինքնիշխան կառավարություն ձևավորել Ռուսաստանի ազդեցության կտրուկ աճի պայմաններում, երբ փողոցում կանգնած, իշխանափոխության հայտ ներկայացրած միակ ուժի թիկունքում կանգմած է Կրեմլը։
Իսկ 6 ամիս ինչո՞ւ չեք ուզում սպասել։ Որ ԱՄՆ-ում ներքաղաքական իրադրությունը կայունացած լինի ու նա՞ էլ հանկարծ չմիանա Ֆրանսիայի կողմից՝ այդ երկրի Սենատի շուրթերով մեզ առաջարկած այլընտրանքին։ Այն, ինչը որ բանակցված և պայմանավորված է եղել համանախագահողների կողմից․ միջազգային խաղաղապահներ ոչ միայն նախկին ԼՂԻՄ, այլև 7 շրջանների տարածքում, ինչը հնարավորություն կտա հայ փախստականներին վերադառնալ նաև Հադրութի շրջան, Թալիշ-Սեյսուլան գծի բնակավայրեր, Քարվաճառ, Քաշաթաղ և Աղդամ։ Պայմանավորվածություն, որը խախտվել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում, ինչն ընդունել են երեք համանախագահող երկրները, և ինչը վավերացվել է մի հայտարարությամբ, որն ինքնին որևէ միջազգային մանդատ չի ապահովում ռուս խաղաղապահների համար, էլ չասած այն մասին, որ չի երաշխավորում ո՛չ նախկին ԼՂԻՄ տարածքի և ո՛չ էլ, առավելևս 7 շրջանների խաղաղ հայ բնակչության անվտանգությունը, այլ հակառակը՝ ամրագրում է հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած՝ միջազգային բոլոր նորմերով և օրենքներով խստիվ արգելված և դատապարտելի էթնիկ զտումը։ Պատահակա՞ն եք համարում, որ Ֆրանսիայի սենատի որոշման մեջ հատուկ շեշտվում է մինչև սեպտեմբերի 27-ը առկա սահմանները։ Կամ այն, որ ընդամենը մեկ սենատոր դեմ քվեարկեց, իսկ 305-ը՝ կողմ։ Բանաձևին դեմ հանդես եկած գործադիրի ներկայացուցչի խոսքը այդքան արժեք ու կշիռ չունե՞ր օրենսդիրների մոտ։
Ֆեյսբուքյան զգացմունքային տրամադրությունները վճռորոշ դեր խաղացին թե՛ 2018-ի հեղափոխության և թե՛ էյֆորիայի ներքո իշխանություն ձևավորելու վրա։ Արտաքին ուժերը դասեր են քաղել և որոշել են նույն ֆեյսբուքյան՝ այս անգամ արդեն դեպրեսիվ և հուսալքության տրամադրությունները ուղղորդել և օգտագործել մեր սեփական տունը՝ մեր ինքնիշխան պետությունը քանդելու համար։
Իսկ ինքնիշխանության նվիրյալ ուժերին, ովքեր ևս կողմ են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը կոչ եմ անում չտրվել արտաքին, առավելևս՝ Ադրբեջանի սադրանքներին, այլ այս վեց ամիսներն օգտագործել «Իմ քայլ»-ին միասնական հզոր այլընտրանք ձևավորելու, արդյունավետ ընտրական և կուսակցությունների մասին օրենքներ ձևավորելու համար՝ այդժամ ես էլ ձեզ հետ կպահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացումը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր