ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, ռազմական հանցագործություն է. #HumanRightsWatch
23:00, 16.12.2020 | mamul.am
8362 | 0

Human Rights Watch-ը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ և հայտարարել որ, ըստ երևույթին, դա կանխամտածված հարձակում է եղել՝ պատերազմի օրենքների խախտմամբ։
«Մի քանի ժամվա ընթացքում 2 առանձին հարձակումները թույլ են տալիս ենթադրել, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդներն ապացուցում են, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ։


Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկեղեցին կարող էր վնասվել միայն սխալմամբ և «այն ռազմական թիրախ չի եղել»,- նշվում է հոդվածում։
«2 հարված եկեղեցու վրա, 2-րդը այն ժամանակ, երբ լրագրողները և այլ քաղաքացիական անձինք հավաքվել էին մի տեղում, հավանաբար, կանխամտածված է արվել»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը՝ հավելելով, որ «այդ հարձակումները պետք է անաչառ կերպով քննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։
19-րդ դարում կառուցված և հայկական եկեղեցու համար կարևոր տաճարը 2 անգամ հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 8-ի ցերեկը։ Առաջին հարվածի ժամանակ ոչ ոք չի տուժել, սակայն ռուսական ԶԼՄ-ների 3 լրագրող վիրավորվել է 2-րդ հարվածի ժամանակ:

Human Rights Watch-ը զրուցել է նաև քաղաքացիական անձանց հետ, որոնք հարձակումների ժամանակ գտնվել են եկեղեցում կամ անմիջապես դրա հարևանությամբ։
Human Rights Watch-ի հետազոտողն ուսումնասիրել է եկեղեցու վնասվածքները և հավաքել զինամթերքի մնացորդները։ «Բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ 2 հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն։ Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքը կարող էր ուղղված լինել կոնկրետ թիրախի։ 2 հարված է հասցվել եկեղեցու տանիքի նույն հատվածին։ Հարվածի կետերի միջև եղել է ոչ ավելի քան 2 մ տարբերություն։
Միջազգային մարդասիրական իրավունքը, որը նաև հայտնի է որպես պատերազմի օրենքներ, պատերազմող կողմերից պահանջում է մշտապես տարբերակել քաղաքացիական ու ռազմական օբյեկտները: Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները, որոնք չեն օգտագործվում թշնամական գործողություններ իրականացնելու համար կամ այլ կերպ ռազմական օբյեկտներ չեն, արգելված են և կարող են ռազմական հանցագործություն հանդիսանալ: Պատերազմող կողմերը նաև պարտավոր են հարգել մշակութային արժեքները և հատուկ զգուշություն ցուցաբերել, որպեսզի խուսափեն կրոնական և պատմական հուշարձանները վնասելուց:
Պատերազմի օրենքների լուրջ խախտումները, որոնք կատարվել են հանցավոր դիտավորությամբ՝ կանխամտածված ռազմական հանցագործություններ են։ Կառավարությունները պարտավոր են հետաքննել ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները և արդարացիորեն դատապարտել մեղավորներին»,- գրված է հոդվածում:
Նշվում է նաև, որ հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կհետաքննի այդ հարձակումները։ BBC-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է որ «մենք պետք է այնտեղ լինենք՝ հետաքննելու համար»։
«Արդեն ավելի քան 1 ամիս է, ինչ Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է, և կառավարությունը չպետք է ժամանակ կորցնի այդ հարձակումների հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Ուիլյամսոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր