ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը մեղադրել է Ադրբեջանին ու Թուրքիային՝ Արցախի հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար
23:50, 22.12.2020 | mamul.am
14935 | 0

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը մեղադրել է Ադրբեջանին ու Թուրքիային՝ Արցախի հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար: Modern Diplomacy կայքում հրապարակած իր հոդվածում Բուլութը գրում է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Հարավային Կովկասում Արցախի Հանրապետությունը ցեղասպանական հարձակման է ենթարկվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
«Ամբողջ աշխարհը տեսել է, թե ինչպես են ագրեսորները բազմաթիվ հանցագործություններ կատարել և անխնա գնդակոծել հայերի բնիկ հողերը»,- գրել է լրագրողը:
Նա նաև նշել է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, որոնք, ինչպես հայտնի է, կապված են եղել իսլամական ծայրահեղական խմբավորումների հետ: Դա հաստատվել է ՄԱԿ-ի վերջին զեկույցով, ինչպես նաև բազմաթիվ սիրիացի վարձկանների ցուցմունքներով և միջազգային ԶԼՄ-ների հաղորդագրություններով:
Ըստ Բուլութի, թուրքական զորքերը, ադրբեջանական զինված ուժերի հետ հայերի դեմ ռազմական հանցագործություններ են իրականացրել։ Նրանք սպանել են խաղաղ բնակիչներին, վիրավորել լրագրողների և հարվածներ հասցրել տների, անտառների, հիվանդանոցների, եկեղեցիների և մշակութային կենտրոնների, ինչպես նաև այլ ոչ ռազմական նշանակության թիրախների։ Նրանք օգտագործել են սպիտակ ֆոսֆոր և կասետային զինամթերք՝ խախտելով միջազգային իրավունքը։
«Արդյունքում առնվազն 90 000 հայ ստիպված է եղել լքել իր հայրենի հողն Արցախում»,- գրել է Բուլութը:
Նա գրել է նաև, որ նույնիսկ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մի քանի տեսահոլովակներ են հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գլխատում են, մասնատում գերեվարված հայ խաղաղ բնակիչներին ու ռազմագերիներին: Այդ սարսափելի հանցագործությունները նկարահանվել են և հպարտությամբ տեղադրվել սոցիալական ցանցերում հենց ադրբեջանցի զինվորների կողմից։
Բուլութը հիշեցրել է, որ «Հաղթանակի շքերթի» ժամանակ Էրդողանը ելույթ է ունեցել՝ գովաբանելով Էնվեր փաշային՝ 1914-1923 թթ․Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանության կազմակերպիչներից մեկին, որը խլել է մոտ 1,5 միլիոն հայի և առնվազն 1 միլիոն հույնի ու ասորիի կյանք:
Բուլութի գնահատականներով՝ հայերի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական հարձակումն ունի 2 հիմնական պատճառ՝
1. ավանդական թուրքական/ադրբեջանական ատելություն հայերի և քրիստոնեության նկատմամբ,
2. Թուրքիայի նպատակը պանթուրքիստական էքսպանսիոնիզմն է

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր