ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանն այժմ Թուրքիայի, այլ ոչ թե Ռուսաստանի դաշնակիցն է Կովկասում». Զատուլին
21:35, 12.01.2021 | mamul.am
6608 | 0

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը КП-ին տված հարցազրույցում քննարկել է Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները։
«Թեև պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահ Ալիևը խոսում էր այն մասին, որ պետք է հաշտեցման ուղիներ գտնել, ինքը նման պահվածքի չի դրսևորում, երբ ելույթ է ունենում Ադրբեջանում՝ սկսած հաղթանակի շքերթից, որը ցուցադրաբար անցկացվել է Էրդողանի հետ միասին։ Նրանց վերաբերմունքն ակնհայտ է՝ ներառյալ խոսակցություններն այն մասին, որ Երևանն էլ, կարծես թե, ադրբեջանական է և վաղ թե ուշ կվերականգնենք արդարությունը և այլն․․
Ադրբեջանն իրեն շատ կամակոր է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը։ Իհարկե, երբ Ադրբեջանի ղեկավարը գալիս է Մոսկվա, նա այստեղ բավականին լավ ընկալում է իրավիճակը։ Նա ամեն ինչ ասում է այնպես, ինչպես մենք ենք ուզում լսել։
Ընդ որում, ուզում եմ նշել, որ հայկական կողմը խորը դեպրեսիայի մեջ է։ Ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծված չէ։ Դժվար թե այսօրվա իրավիճակում հնարավոր լինի լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը հաղթանակի ազդեցության տակ է և այդ հարցում որևէ զիջման պատրաստ չէ։ Սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն, այնուամենայնիվ, ամենագլխավորն է մնում»։
Զատուլինի խոսքով՝ «Նախագահ Պուտինի տրամաբանությունն այն է, որ այս հարցը հետաձգվի մինչև տարածաշրջանում նոր կյանքի հաստատումը: Ինձ թվում է, որ նախագահ Պուտինը հույս ունի, որ կհարթվեն սուր փոխհարաբերություններն, ինչն այս պայմաններում նոր իրողություն կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Եվ մեր խաղաղապահների ներկայությունը երաշխիք է, որ ոչ մի անսպասելի իրադարձություն, ինչպես եղավ սեպտեմբերի 27-ին, այլևս չի լինի»։
Նա նշել է նաև, որ «Ռուսաստանն ինքն իր դաշնակիցն է Կովկասում։ Ռուսաստանն անհրաժեշտություն չունի որևէ մեկի դաշնակիցը լինելու:
Ռուսաստանը, անշուշտ, պետք է հասկանա, որ իր խաղաղապահ զորակազմը Ռուսաստանի Դաշնության՝ հարյուրավոր կիլոմետրերով առաջ գտնվող սահմաններն են։ Եթե մենք չպահպանենք մեր շահերը և չհետևենք դրանց, ստիպված կլինենք դա անել ավելի հարավ՝ Կովկասում մեր սեփական սահմանների մոտ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր