ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Դատապարտում ենք Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»․ ԱԳՆ խոսնակ
16:30, 03.02.2021 | mamul.am
9203 | 0

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին.

«Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ:

Պատասխան. Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:

Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր