Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային «հանցագործ» է անվանել և հայտարարել, որ նա ձերբակալվել է խորհրդարանի վրա հարձակման համար։
Հիշեցնենք՝ Մելիան ձերբակալվել է երեքշաբթի, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կուսակցության գրասենյակի շենքում:
«Մենք ուժեղ պետություն ենք, ունենք ուժեղ ոստիկանություն, ներքին գործերի արդյունավետ նախարար։ Ես կցանկանայի կառավարության անունից հրապարակավ շնորհակալություն հայտնել նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը՝ մեր պետության արժանապատվությունն ու կայունությունը պաշտպանելու համար և ևս մեկ անգամ հիշեցնել բոլորին, որ մենք օրենքի գերակայությամբ կառավարվող պետություն ենք»,- ասել Է Ղարիբաշվիլին լրագրողներին:
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ակցիաների ընթացքում Վրաստանի խորհրդարանի վրա գրոհ կազմակերպելու մեջ։