ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ի՞նչն էր ուզել փոխել Դավթյանը, որին չի համաձայնել ռուսական կողմը»․ Հակոբ Բադալյան
11:15, 24.02.2021 | mamul.am
3675 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկանդերի պատմությունը կարծես թե ունի նուրբ տողատակ: Հարցին, թե ձե՞զ էր ուղղված երրորդ նախագահի քննադատությունը Իսկանդեր չկրակելու առումով, վարչապետ Փաշինյանը պատասխանում է՝ «նաև ինձ»: Եթե նաև, ապա է՞լ ում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև, որ հրթիռը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով: Սա, իհարկե, ունի քննության ու մասնագիտական գնահատականի կարիք, բայց քաղաքական տողատակը շատ հետաքրքիր է: Փաշինյանն ասում է, որ Սարգսյանը տալիս է հարց, որի պատասխանը գիտե: Սա նշանակո՞ւմ է, որ «նաև ինձը» միաժամանակ նշանակում է՝ «նաև մատակարար երկրին»: Այսինքն՝ արդյո՞ք կարող ենք ենթադրություն անել, որ Սարգսյան-Փաշինյան հեռակա, անուղղակի, այսպես ասած, բանավեճի կամ հարցուպատասխանի միջոցով ակնարկվեց, որ Հայաստանին մատակարարված Իսկանդերն իրականում ունեցել է խնդիրներ և մատակարարման իմաստն ընդամենը Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանրության մոտ Ռուսաստանի, մեղմ ասած, սասանված հեղինակությունը վերականգնելն էր: Նկատենք, որ Իսկանդերը մատակարարվել է Հայաստան Ապրիլյան քառօրյայից առաջ, բայց դրա առկայությունը հանրայնացվել է քառօրյայից հետո: Իհարկե մի առանձին պատմություն է մատակարարման մանրամասները՝ ըստ գործընթացին ժամանակին մասնակցած աղբյուրների: Մանրամասները, թե տեղափոխման, թե նաև ընդհանրապես մատակարարման որոշման իմաստով: Ռուսաստանի վերնախավում ոչ բոլոր բևեռների համար է այդ որոշումը եղել, այսպես ասած, ընդունելի: Եվ, մեկ այլ հետաքրքիր դրվագ․ մոտ երկու, թե երեք ամիս առաջ Սաթիկ Սեյրանյանի հետ խոսելով՝ ռազմական գնումների պլանի մասին, ԳՇ նախկին պետ ԱրտակԴավթյանը նշեց, որ սպառազինության գնման 2017-ին հաստատված պլանը չի փոխվել, ավելացնելով, որ ինքը մի հարցում էր ուզում փոփոխություն անել՝ Իսկանդերի հրթիռների հետ կապված, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև կախված չէր միայն հայկական կողմի ցանկությունից: Այսինքն՝ ռուսական կողմը չի ցանկացել փոխել: ԳՇ պետը հայտնեց, որ ավելի մանրամասներ ասել չի կարող, դրանք ենթակա չեն հրապարակման: Հետաքրքիր է, ի՞նչն էր ուզել փոխել ԳՇ պետ եղած ժամանակ գեներալ Դավթյանը, որին չի համաձայնել ռուսական կողմը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր