ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ». խոսնակ
23:50, 25.02.2021 | mamul.am
6095 | 0

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։

Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:

«Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,- շեշտել է Ավանեսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր