Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը չորեքշաբթի հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին: «C-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Դեմիրը նշել է, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո, Թուրքիան իր համար որևէ հետևանք չի նկատել: «Մենք չենք նկատել որևէ անմիջական ազդեցություն (ԱՄՆ-ի պատժամիջոցներից)։ Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը): Բայց այս պահին որևէ հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք»,-նշել է նա։ Դեմիրը նաև սխալ է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի վերաբերյալ։ «Եթե նրանք կարծում են, որ դա մեզ հետ կպահի մեր ցանկացած ազգային որոշումից, ապա նրանք սխալվում են»,- ասել է նա: |