Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը և Տավուշի սահմանների վերաբերյալ տարածվող զանազան տեղեկություններին: «Տավուշում այսօր արդեն մի փոքր կրքերը հանդարտվել են, որովհետև մենք կարողացանք տարբեր աղբյուրներով ժողովրդին հասցնել, որ այդ ամենը ստախոսություն է: Ես սա համարում եմ անբարոյականություն. սեփական քաղաքական ինքնահաստատման համար զոհել ժողովրդի հանգստությունը, խաղաղությունը: Տավուշի մարզում և մարզի սահամանային ամբողջ գոտում երեկ, այսօր իրավիճակը նույնն է, ինչը եղել է մյուս օրերին և որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերի կամ տարիների իրավիճակից: Սահմանը վստահելի հսկողության տակ է ՀՀ ԶՈՒ կողմից: Սահմանում, բարեբախտաբար անդորր է, և մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով և աշխատանքով»,- ասել է մարզպետը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են»: Մանրամասները՝ տեսանյութում: |