ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը». նախագահը կդիմի ՍԴ
10:32, 12.04.2021 | mamul.am
6221 | 0

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. մարտի 22-ին:

Հանրապետության նախագահը Օրենքը քննարկել է արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի հետ և ստացել նրանց պարզաբանումները: Օրենքը քննարկվել է նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է դատաիրավական ոլորտում բարեփոխումները և գտնում է, որ դրանք պետք է կատարվեն համակարգային ձևով՝ հստակ ռազմավարության հիման վրա՝ ընդհանուր տեսլականի շրջանակում: Այդ տեսլականը և ռազմավարությունը պետք է հիմնված լինեն գործնականում առկա և իսկապես արդիական խնդիրների, փորձագիտական ուսումնասիրությունների և միջազգային փորձի լուրջ վերլուծության վրա, առաջարկեն համակարգային և տրամաբանորեն փոխկապակցված լուծումներ՝ ուղղված դատական համակարգի դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության երաշխիքների ամրապնդմանը:

Օրենքով առաջարկվող կարգավորումներն իրավիճակային են և առերևույթ խնդրահարույց իրավական որոշակիության, համաչափության, իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքներին և պահանջներին համապատասխանելու տեսանկյունից:

Ելնելով վերոհիշյալից և ամփոփելով փորձագիտական եզրակացությունները՝ կարելի է եզրահանգել, որ Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի Հանրապետության նախագահը որոշել է դիմել Սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն ստացել է նախագահի՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր