«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դնում լիազորությունները։ «Ժամանակն է եկել, որ վայր դնեմ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենի լիազորություններս: Այս որոշումս, որը մանրամասն քննարկել եմ Հիմնադրամի նորանշանակ խորհրդի հետ, պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամի առջև ծառացել են բոլորովին նոր մարտահրավերներ, և այն պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրենի կողմից, այլ ունենա լրիվ դրույքով աշխատող տնօրեն: Հիմնադրամը ձևավորվեց 2017 թվականին` Կենտրոնական բանկի կողմից ու հովանու ներքո: Մինչև վերջերս հիմնականում Կենտրոնական բանկի կամավորական աշխատակազմն էր անձնվեր կերպով ծառայում Հիմնադրամին, իսկ կառույցը հոգ էր տանում, որպեսզի գործառույթներն իրականացվեն պատշաճորեն` ժամանակների հրամայականին համահունչ: Հայտնում եմ նաև, որ թշնամու կողմից սանձազերծված վերջին պատերազմից հետո Հիմնադրամն այս պահին հատուցումներ է կատարում. Վերջին պատերազմից ի վեր հիմնադրամը կարողացել է 8 միլիարդ դրամից ավելի նվիրաբերություններ հավաքագրել ավելի քան 40 երկրների մեր հայրենակիցներից ու կազմակերպություններից: Ամփոփելով անցյալը և չորս տարի շարունակ ղեկավարելով Հիմնադրամն ու առերեսվելով ծառացած մարտահրավերների հետ՝ գիտակցում եմ, որ ամեն օր նոր բան եմ սովորել և ձգտել եմ հմտություններս փոխանցել Հիմնադրամի կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին ու շահակիցներին: Վստահ եմ, որ կուտակված փորձառությունն ու գիտելիքներն ի սպաս են դրվելու Հիմնադրամի մարտահրավերների վրա օրնիբուն աշխատելու համար: Առաջիկա օրերին մենք կհրապարակենք Հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնի մրցույթի վերաբերյալ հայտարարություն և կհրավիրենք մեր փորձառու հայրենակիցներին՝ մասնակցելու այդ մրցույթին: Հիմնադրամի խորհուրդը մանրամասն կուսումնասիրի ստացված դիմումները, և վստահ եմ, որ կկատարի արժանի ու ճիշտ ընտրություն: Մինչև նոր տնօրենի ընտրությունը ես կշարունակեմ կատարել պարտականություններս, այնուհետև կծառայեմ Հիմնադրամին այլ կարգավիճակով: Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում անցնող չորս տարիների ընթացքում մեր բոլոր կամավորներին, աշխատակիցներին, ընկերներին, գործընկերներին, հովանավորներին ու աջակիցներին, որոնք անվարան աջակցեցին Հիմնադրամին ու ինձ` ծառայելու հայրենիքին ու հայոց զինված ուժերին»,-հայտարարել է Ավետիքյանը։ |