ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Արդյոք Հայաստանի համաձայնել-չհամաձայնելո՞վ է, որ պետք է տեղի ունենար այդ ամենը». Հակոբ Բադալյան
17:04, 14.04.2021 | mamul.am
2385 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից հետո ամենահաճախ խոսվող թեմաներից մեկն այն է, որ Հայաստանը ժամանակին պետք է համաձայներ առաջարկվող փոխզիջումային կարգավորումներին, հարցը կլիներ լուծված, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր, կորուստներ:

Պատերազմով փաստացի պարտադրված տարբերակից հետո միանգամայն տրամաբանական դիտարկում է: Այդուհանդերձ, կարծում եմ՝ կա մի «բայց»:

Իսկ արդյո՞ք Հայաստանի համաձայնել-չհամաձայնելով է, որ պետք է տեղի ունենար այդ ամենը: Եվ, արդյոք մենք ընդունո՞ւմ ենք, որ արցախյան հարցն աշխարհաքաղաքական ասպարեզում եղել է մի քանի ուժային կենտրոնի ազդեցության առանցքային պայքարի հարթակ, որտեղ բուն կարգավորման հանգամանքն ստորադասվում էր այն հանգամանքին, թե հատկապես ում ավելի մեծ ազդեցությամբ պետք է կարգավորվեր հարցը:

Այսինքն՝ որևէ կենտրոնի հարցի որևէ կարգավորում անհրաժեշտ է՝ եթե այն ավելացնում է իր ազդեցությունը, և որևէ կարգավորում անհրաժեշտ չէ, եթե դա տեղի է ունենալու իր ազդեցության հաշվին:

Եթե մենք հերքում ենք աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի այդ հանգամանքը, ապա իսկապես հանգում ենք մտքին, որ Հայաստանից էր կախված խաղաղ փոխզիջել-չփոխզիջելը: Եթե մենք համարում ենք, որ արցախյան հարցն աշխարհաքաղաքական ազդեցության հարց է նաև՝ մեզ համար ինքնորոշման և ազգային անվտանգության հարց լինելուց բացի, ապա էստեղ կարծում եմ ռացիոնալ չէ համարել, թե Հայաստանն էր որոշելու՝ ինչին համաձայնել, իսկ ինչին՝ ոչ:

Մեծ հաշվով, կարգավորման գործընթացի պատմությունը վկայում է հենց այդ մասին: Ընդ որում, մեղմ ասած, ռացիոնալ չէ և այն, որ որոշողը Ռուսաստանն էր: Ռուսաստանը որոշող կլիներ, եթե Ադրբեջանի վրա ունենար թեկուզ մոտավորապես նույնքան ազդեցություն, որքան Հայաստանի վրա: Բայց, Ռուսաստանն Ադրբեջանի վրա չուներ այդպիսի ազդեցություն: Փոխարենը Թուրքիան Ադրբեջանի վրա իր ազդեցությունն օգտագործելու էր, որպեսզի ռուսները երբեք չկարողանան «լավրովյան պլան» իրագործել առանց իրեն: Ըստ այդմ՝ եթե Հայաստանը համաձայներ, Ադրբեջանն ավելացնելու էր ևս մի պահանջ: Այն, ինչ եղել է, օրինակ, կազանյան գործընթացում: Որովհետև թե՛ ԱՄՆ, թե՛ Թուրքիան՝ ԱՄՆ Թուրքիայի միջոցով, չէին թույլ տա, որ այստեղ Ռուսաստանն իր հայեցողությամբ ռեգիոն բաժաներ:

ԱՄՆ դա թույլ տվեց առաջին պատերազմում, որովհետև Ռուսաստանը գնում էր գործակցության ճանապարհով, արևմտյան աշխարհի հետ ինտեգրացիայի ճանապարհով:

Դա իր նպաստն ունեցավ հայկական հաղթանակի գործում: Որևէ կասկած կա՞, որ առաջին պատերազմում էլ ադրբեջանական կողմից Թուրքիայի միջամտության դեպքում ՌԴ արձագանքը լինելու էր նույնը, ինչ այսօր:

Այդ իմաստով, մի դիտարկում անեմ կազանյան գործընթացի առումով: Կարծում եմ՝ գործընթացի տապալմանը «նպաստեց» այն հանգամանքը, որ արդեն ակնառու էր Պուտինի վերադարձի հանգամանքը: Կազանյան պրոցեսն սկսեց Մեդվեդևի նախագահությամբ, որի հետ ԱՄՆ կապում էր Ռուսաստանի հետ հարաբերության «վերբեռնման» հույսը: Կազանյան պրոցեսը տապալվեց 2011-ին, երբ արդեն ակնառու էր, որ Մեդվեդևին Պուտինը չի թողնում երկրորդ ժամկետ: ԱՄՆ այդպիսով կորցրեց Կազանի հարցում Ռուսաստանին աջակցելու մոտիվացիան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր