ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը
19:04, 16.04.2021 | mamul.am
2866 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը։

«Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝ գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ և թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները:

Կարևորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն և կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաև նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում և լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է:

Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում:

Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում և՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին:

Մեծապես կարևորում ենք համանախագահության կողմից կրոնական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը և դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:

Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության և պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսևորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ:

Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաև համանախագահության միասնական ձևաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին և գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր