ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայ ռազմագերիների մայրերի՝ Մերկելին ուղղված նամակը հանձնեցի գերմանական նախագահությանը». Նաիրա Զոհրաբյան
16:55, 21.04.2021 | mamul.am
1823 | 0

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է:
Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն:
Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է:
Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը:
Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է:
Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր