Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձավ ավտոմեքենաների պետհամարանիշերի գողության դեպքերին։ Պապոյանը հետաքրքրվեց՝ արդյոք Կառավարությունը օրենսդրական փոփոխություններ նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ։ «Ես գիտեմ, որ ոստիկանությունն ակտիվ աշխատում է այս ուղղությամբ այլ մարմինների հետ, և որոշ լուծումներ են առաջարկվում»,- ի պատասխան պատգամավորի հարցին՝ ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Տարբերակներից մեկը չիպերով պետհամարանիշերի տրամադրումն է, որի դեպքում հնարավոր կլինի ֆիքսել պետհամարանիշի գտնվելու վայրը»,- նշեց նա։ «Կարծում եմ՝ ոստիկանությունը սեղմ ժամկետում տվյալ հարցի լուծման համար նախաձեռնությամբ հանդես կգա, և մենք էլ հնարավորինս հրատապ ռեժիմով կառաջարկենք ԱԺ-ին հարցը քննարկել»,- հավելեց Ավինյանը։ |