ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քոչարյանի մարդկային ստորության մասին գիտեմ պատմություններ, որոնք ձեզնից շատերը չգիտեն». Նարեկ Սարգսյան
03:12, 06.05.2021 | mamul.am
6137 | 0

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բայց ո՞նց, Քոչարյանի հե՞տ, մարդասպանի հե՞տ, մարտի մեկի հեղինակի հե՞տ»:
Տեր-Պետրոսյանի քայլերի վրա զարմանում են մարդիկ, որոնք Քոչարյանի արյունարբու իշխանության էության մասին իմացել են նույն Տեր-Պետրոսյանի՝ 2007-ի ելույթներից: Ես գիտեմ, որ զարմանքը բթացնող հատկություն ունի: Այնքան բթացնող, որ ոմանք նույնիսկ մոռացել են այդ «Մարտի 1-ը» Քոչարյանը կազմակերպել է առաջին հերթին հենց Լևոն Տեր-Պետրոսյանի և իր քաղաքական թիմի դեմ: Քոչարյանի հանցագործությունների առաջին ականատեսը և բարձրաձայնողը, դրա վտանգների մասի խոսողը եղել է նույն Տեր-Պետրոսյանը: Բարեկամնե՛ր, եթե ձեզ թվում է, թե դուք Տեր-Պետրոսյանից ավելի լավ գիտեք, թե իրականում ով է Քոչարյանը, դուք բավականին միամիտ եք: Քոչարյանի իրական էության մասին ո՛չ ոք ավելի շատ չգիտի, քան առաջին նախագահը: Նույնիսկ ես, որ ընդամենը Կոնգրեսի ակտիվիստ եմ ոչ մի անգամ չեմ մասնակցել որևէ ներքին քննարկման, նույնիսկ էդ դեպքում ես Քոչարյանի մարդկային ստորության մասին գիտեմ պատմություններ, որոնք ձեզնից շատերը չգիտեն: Պատկերացնու՞մ եք ուրեմն ինչքան բան գիտի Տեր-Պետրոսյանը:
Ուրեմն այդքանը իմանալով հանդերձ ի՞նչն է դրդել Տեր-Պետրոսյանին՝ անելու այդ առաջարկությունը՝ իմանալով որ արժանանալու է ոչ միայն գորշ զանգվածի հայհոյանքին, ծաղրանքին և զրպարտությանը, այլ նաև իրեն համակրողներից շատերի զարմանքին:
Սա դժվար հարց չէ: Սա պարզ հարց է: Այս առաջարկությունը անելուն Տեր-Պետրոսյանին դրդել է այն, ինչը դրդել է 1997 թ.-ին գրել «Պատերազմ և խաղաղություն» հոդվածը: Այս առաջարկությունը անելուն Տեր-Պետրոսյանին դրդել է այն, ինչը դրդել է նրան՝ համաձայվել զիջել 5 շրջանները և կնքել խաղաղության պայմանագիր: Այս առաջարկությունը անելուն Տեր-Պետրոսյանին դրդել է Հայաստանի և Արցախի գլխին կանգնած վտանգը:
Որպեսզի ձեր զարմանքը է՛լ ավելի փարատեմ, հիշեք թե վերջին 20 տարում քանի՞ անգամ և ինչպիսի՞ դեպքերում է Տեր-Պետրոսյանը հանդիպել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Հիշեցնեմ. Նախագահի պաշոնից հեռանալուց հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը Քոչարյանի հետ հեռախոսով խոսել է 1999 հոկտեմբերի 27-ից հետո, երբ սպանված էին Հայաստանի վաչարպետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարե Դեմիրճյանը: Կոչ էր արել համախմբվել Քոչարյանի շուրջը: Ինչու՞: Որովհետև չգիտեր, թե ով է Քոչարյա՞նը: Ո՛չ, որովհետև այդ ժամանակ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լուրջ վտանգ կար և Հայաստանի իշխանությունը գլխատված էր:
Դրանից հետո ե՞րբ է հանդիպել Սերժ Սարգսյանին՝ 2016 թ.-ի ապրիլի 4-օրայ պատերազմի ժամանակ, երբ առաջին անգամ Արցախում հողային կորուստ ունեինք և 1-2 օրում հարյուրից ավելի զոհ էինք տվել ու կրկին երկրի գլխին կախված վտանգ կար: Հետո՞ երբ՝ արդեն 2020 թ-ի 44-օրյա պատերազմի օրերին, երբ Հայաստանի ու Արցախի գոյության հարցն էր դրված:
Հիշեք նաև, որ հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը հանիպել է Փաշինյանին. Այն նույն փաշինյանին, որը ամենավերջին բառերով հայհոյել և զրպարտել է իրեն՝ Լավրովի առաջարկած Արցախյան խնդրի լուծման պլանը, որով առանց որևէ զոհի մենք պահում էինք Ոչ միայն ԱՐցախը, այլ նաև Լաչինը և Քարվաճառը, ահա այդ պլանը անվանելով «Դավադրություն»: Եվ ուշադրություն – այս բոլոր հանդիպումների նախաձեռնողը եղել է ո՞վ - Լևոն Տեր-Պետրոսյանը: Բոլոր՝ առանց բացառության ինքն է նախաձեռնել:
Եթե դուք չեք հասկանում Տեր-Պետրոսյանի այս առաջարկը և զարմանում եք, կնշանակի դուք չեք հասկանում, թե ինչ վտանգի կենթարկվի Հայաստանը, եթե Փաշինյանը հունիսի 20-ից հետո մնա վարչապետի պաշտոնում: Պարզաբանեմ. Փաշինյանը պարտված ղեկավար է: Հայաստանը ուզի թե չուզի առաջիկայում ստորագրելու է միջպետական պայմանագրեր՝ դարի պայմանագրեր, որոնց էության մասին խոսել եմ վերջին օրերին: Փաշինյանի վարչապետության պարագայում Հայաստանի վզին փաթաթելու են՝ ինչ ուզեն, որի հետևանքները կրելու է ո՛չ միայն մե՛ր սերունդը, այլ նաև հաջորդ սերունդները: Փաշինյանը ադեկվատ չէ: Փաշինյանը բանակցել չգիտի: Փաշինյանը իրականությունից կտրված է: Կարծում եմ, որ 3 տարվա դատական ծաղրուծանակը և կործանված Արցախը բավարար տառապանք են պաճառել յուրաքանչուր հայի, որ բոլորին հասկանալի լինի, որ Փաշինյանին չի կարելի վստահել երկիրը, առավել ևս այնպիսի պայմաններում, երբ սպասվում են բախտորոշ պայմանագրեր՝ երկարաժամկետ հետևանքներով: Մի՞թե պարզ չէ, որ Փաշինյանի հետ ոչ ոք չի բանակցելու: Փաշինյանին տեքստ են ուղարկելու և ասելու են՝ ստորագրի: Եվ Փաշինյանը ստորագրելու է: Չի կարող չստորագրել: Ինչպես նոյմբերի 9- տեքստն է ստորագրել, այնպես էլ այս տեքստն է ստորագրելու: Փաշինյանի պարագայում Հայաստանի ապագան որոշելու են Ռուսաստանը ու Ադրբեջանը: Սա ողբերգական իրականությունն է: Ես սա ասում եմ մեծ ցավով: Որպես հեղափոխության ամենաակտիվ մասնակից ու Փաշինյանին աջակցած մարդ՝ սա իմ անձնական ողբերգությունն է: Ինչ էլ անի Փաշինյանը, հետևանքները կրելու ենն մեր սերունդները: Փաշինյանը իր ոչ ադեկվատ վարքով արդեն կործանել է Արցախը և դա անդառնալի է: Վաղը եթե Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը բարիշեն այնպես, որ օրինակ Մեղրին դառնա չեզոք գոտի, Փաշինյանը ստորագրելու է այդ թղթի տակ: Ու դա նույնպես անդառնալի է լինելու: Եթե որևէ մեկը կարծում է, որ չափազանցնում եմ, ապա հիշեք թեկուզ, որ 2012-ին Փաշինյանը դուրս եկավ ՀԱԿ-ից, պատճառաբանելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համագործակցում է Ծառուկյանի հետ: Հետո ինքը համագործակցեց Ծառուկյանի հետ: Հետո հայտարարեց, որ 5 շրջան զիջելը դավաճանություն է, բայց ինքը զիջեց 8-9 շրջան: Մի՞թե փորձանքը ուրիշ կերպ է լինում:
Ահա սրա մասին է զգուշացնում Տեր-Պետրոսյանը: Արցախի կործանումից հետո, ազգային նվաստացումից հետո գոնե կարելի՞ է մի անգամ լրջանալ և Լևոն Տեր-Պետրոսյանի զգուշացումը ի գիտություն ընդունել: Դե որ կարելի է, ուրեմն լրջացեք և խոսքը ի գիտություն ընդունեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր