ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 514.11, EUR 614.36, RUB 7.09, GBP 718.26
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ընտրությունների մեկնարկը տրվեց․ ինչ սպասել քաղաքական ուժերից․ «Ժողովուրդ»
09:24, 12.05.2021
2866 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկն արդեն տրվել է, և հաստատվել է նոր կարգ: Նախ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ 18:00-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում արդեն հաստատվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների, և կգործի քվեարկության նոր կարգ. քաղաքացին պետք է ընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը և դնի ծրարի մեջ, այսինքն՝ ընտրատեղամասերում գրչի կարիք այլևս չի լինի։ Միևնույն ժամանակ ամբողջությամբ ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր ապրիլի 28-ին: Այս փոփոխություններով նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն է լինելու։

Օրինակ՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարակից տարածքում բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կպատժվեն մինչև երեք տարի ազատազրկմամբ, ընտրակաշառք տալը կամ խոստանալն արդեն ծանր հանցագործություն է համարվում, որն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։ Առաջիկա օրերին նաև կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին շուրջ 2 միլիոն 600 հազար էր այդ թիվը, սակայն տարեցտարի ընտրություններին մասնակցողների թիվը պակասում է, իսկ, ահա, մասնակից ուժերի թիվն ավելանում է: 2018 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցել էր 1 261 105 ընտրող, և պայքարում էր 11 ուժ, որից միայն երեքն անցան խորհրդարան: Համեմատության համար նշենք, որ 2017թվականի հերթական ընտրությունների ժամանակ պայքարում էր 7 ուժ, և ընտրություններին մասնակցել էր 1 574 268 մարդ, այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո 313 հազարով պակասել էր մասնակիցների թիվը: 2017-ին ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել չորս ուժ: Այս արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Դաշինքով է պատրաստվում մասնակցել ՀՀԿ-ն՝ «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձևավորելով դաշինք։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
awesome comments
դեպի վեր