ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն». Վրաստանի վարչապետ
18:52, 12.05.2021 | mamul.am
131651 | 0

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ:

«Այսօր պարոն Ղարիբաշվիլիի հետ մենք հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը:

Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։

«Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգովորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Իր հերթին՝ Փաշինյանի վրացի գործընկերն ասաց. «Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդում են հզոր պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը և նորարարությունը:

Համաձայնում ենք, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: Մի կողմից, Covid-19-ով հարուցված համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, իհարկե, էական դժվարությունների առջև է կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն:

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր