Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Լորենս դե Քարը կդառնա Լուվրի նոր տնօրենը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
54-ամյա դե Քարը պատրաստվում է դառնալ աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանի առաջին կին տնօրենը՝ 1793 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ թանգարանի հիմնադրվելուց ի վեր:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանրապետության մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոյի առաջարկով Լուվրի թանգարանի տնօրեն-նախագահի պաշտոնում նշանակում է Լորենս դե Քարին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Լորենս դե Քարը պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 1-ից:
Խնդիրների թվում, որոնք պետք է լուծի Լուվրի նոր ղեկավարը, մտնում է նաև հաճախելիության բարձրացումը: Վերջին 1 տարվա ընթացքում՝ համավարակի ֆոնին, Լուվրի հաճախելիությունը նվազել է 72%-ով: