ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար․ Մայր Աթոռ
17:50, 11.06.2021 | mamul.am
4091 | 0

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել
«Հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր: Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․
«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։
Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։
Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։
Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։
Աղոթում ենք, որ Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր