ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երևանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ
21:35, 15.06.2021 | mamul.am
2015 | 0

Երևանի նախադպրոցական կազմակերպություններում աղիքային վարակիչ հիվանդության բռնկումների արդյունքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» մանկական զարգացման կենտրոն նախադպրոցական կրթական կազմակերպություններում արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումներ:

Նշված ժամանակահատվածում «Սուր գաստրոէնետերիտ» ախտորոշմամբ՝ ջերմություն 38-39 ջերմաստիճան, սրտխառնոց, փսխում, լուծ ախտանշաններով, Երևանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ են ընդունվել «Վիննի Պուխ և ընկերներ» և «Ծիածան» նախադպրոցական կազմակերպություններից 20 երեխա:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հայտնաբերվել է նաև ընտանեկան 2 օջախ (1 օջախ՝ 1 դեպքով և 1 օջախ՝ 3 դեպքով), երբ պացիենտներն ունեցել են նույն ախտանշանները և, ինչպես նախադպրոցական կազմակերպությունների հոսպիտալացված պացիենտները, սննդում օգտագործել են «Բիոկաթ» արտադրատեսակի կաթնամթերք: Հոսպիտալացված պացիենտներից 6-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Նախադպրոցական կազմակերպություններում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի հարուցիչներ, իսկ աշխատակիցների մոտ՝ ստաֆիլակոկ: Սննդամթերքի նմուշները թունաբանական հետազոտությամբ, ունեցել են թույլ թունավոր ազդեցություն («Բիոկաթ» արտադրատեսակի կաթնաշոռ, թթվասեր, կաթնաշոռի և թթվասերի խառնուրդ): Ներկա պահին բուժվող հիվանդներ չկան:

Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում իրականացվել են նաև «Բիոկաթ» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն» ՍՊԸ-ում հոսքագծի տարբեր հատվածներից շրջակա միջավայրի և աշխատակիցների կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ: Արդյունքում՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են շեղումներ, անձնակազմի ձեռքերից և արտահագուստից վերցված նմուշներում հայտնաբերվել է ախտածին ստաֆիլակոկ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր