Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հեռուստատեսային բանավեճ է տեղի ունեցել Հայաստանում՝ առանց վարչապետի պաշտոնակատարի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանի, գրում է ТАСС-ը: Բանավեճը, որը տևել է 2 ժամ 40 րոպե, հեռարձակել է Հանրային հեռուստաընկերությունը: «Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո բանավեճի եկած Փաշինյանից բացի, եթերային ժամից օգտվել են ընտրություններին մասնակցող 6 կուսակցության ղեկավարներ, որոնց թվում էին նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Բանավեճից հրաժարվել են առաջիկա ընտրություններում Փաշինյանի գլխավոր մրցակիցներ՝ նախկին նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը («Պատիվ ունեմ» դաշինք), Առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Բանավեճի ընթացքում թեկնածուները բավականին կոռեկտ են եղել, պահպանել են կանոնակարգով իրենց վերապահված ժամանակը, միմյանց չեն ընդհատել և բարձր տոնով չեն խոսել: Այնուամենայնիվ, այն չի ընթացել առանց փոխադարձ մեղադրանքների, հատկապես երկրի համար ամենացավոտ թեմայի՝ ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմի վերաբերյալ։ Նախկին վարչապետ և «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին՝ «հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու» մեջ: Փաշինյանին նմանատիպ մեղադրանքներ են ներկայացրել նաև բանավեճի մի քանի այլ մասնակիցներ: Վարչապետի պաշտոնակատարն իր հերթին նշել է, որ «պատերազմի բոլոր մանրամասները պետք է քննվեն՝ սկսած իր գործողություններից և վերջացրած գեներալների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների գործողություններով»: ՔՊ վարչապետի թեկնածուն հայտնել է նաև, որ հաստատված տվյալներով՝ Ադրբեջանը 60 հայ գերի է պահում, «և հավանականություն կա, որ ևս 110-ը գտնվում են գերության մեջ»: Մոսկվայի հասցեին քննադատությամբ է հանդես եկել նախկին վարչապետ Սարգսյանը։ Նրա խոսքով, ՌԴ-ը պատշաճ կերպով չի կատարում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միջնորդի դերն ու ճնշում չի գործադրում Բաքվի վրա, որպեսզի ադրբեջանական իշխանությունները վերադարձնեն բոլոր գերիներին: Սարգսյանը նաև քննադատել է ՀԱՊԿ-ին։ Նրա կարծիքով՝ կազմակերպությունը «չի կատարում իր գործառույթները»։ |