ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
««Արևմտամետ» ուժի խնդիրը Հայաստանում այլ տեղ է». Հակոբ Բադալյան
18:25, 23.06.2021 | mamul.am
2663 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընտրության արդյունքի առնչությամբ հաճախ է հնչում տեսակետը, որ մեծ բաց է խորհրդարանում արևմտամետ ուժի բացակայությունը:

Կասեմ, գուցե, առաջին հայացքից տարօրինակ բան, բայց ես կարծում եմ, որ այդտեղ չկա որևէ բաց: Բաց կլիներ, եթե մենք ունենայինք այդ առումով կայացած օրակարգով, սոցիալական բավականին շոշափելի բազայով մի ուժ, որի դուրս մնալը կլիներ բաց: «Արևմտամետ» ուժի խնդիրը Հայաստանում այլ տեղ է: «Մետությունն» այստեղ կիրառում եմ պայմանականորեն, որովհետև խնդիրը մետությունը չէ, այլ Հայաստանի համար այլընտրանքային օրակարգերի և արտաքին քաղաքական ու անվտանգային դիվերսիֆիկացիայի կենսական հարցը:

Այդ դաշտում բուն խնդիրն այն է, որ այդպիսի ուժ Հայաստանում դեռ պետք է ձևավորվի, որ հետո արդեն խորհրդարանում հայտնվել-չհայտնվելը լինի նշանակալի հարց: Տարբեր գործիչների հարցազրույցները, հայտարարությունները, գնահատականները և այլն, դա դեռ չի նշանակում կայացած օրակարգով ուժ:

Կա ներուժ, որը դեռ պետք է իրացնել, իսկ դրա համար 21-րդ դարում ամենևին պարտադիր պայման չէ խորհրդարանի հարթակի առկայությունը: Ըստ այդմ՝ այդ ներուժը պարունակող ուժերը պետք է հանգիստ, սթափ և առարկայորեն ձեռնմուխ լինեն իրենց քաղաքական օրակարգը բովանդակային փաթեթներով համալրելուն և հասարակության հետ դրանց շուրջ երկխոսություն սկսելուն, առանց զգայականության, առանց Ռուսաստանին «մերկացնելու», առանց Արևմուտքին իդեալականացնելու, պարզապես՝ բովանդակային քաղաքական երկխոսություն հանրության հետ, որը պետք է ներառի ոչ միայն քաղաքականությանն ու անվտանգությանը, այլև տնտեսությանը, մշակույթին, արժեհամակարգին վերաբերող շերտեր:

Ավելին, արևմտյան ուղղությունը Հայաստանում ունի հենց այդ զգայականությունից և իռացիոնալությունից էապես զտվելու կարիք: Եվ, ընդ որում, կարծում եմ, որ այդ իռացիոնալությունը սնուցվում է այդ դաշտ նաև միանգամայն գիտակցված, ինչը նշանակում է նաև, որ Ռուսաստանը թշնամի, իսկ Արևմուտքը դաշնակից հռչակելը դեռ չի նշանակում ոչինչ:

Դրա համար եմ ասում, որ Հայաստանում իրապես նոր ու կենսունակ ուժ ձևավորելը համառ ու տարիների աշխատանքի և ռազմավարության խնդիր է, ըստ այդմ, դրան իրապես հավակնելու համար պետք է պատրաստ լինել այդ աշխատանքին: Նաև այդ համատեքստում է կարևոր կուսակցությունների խոշորացման այն խնդիրը, որի մասին գրառում էի արել նախօրեին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր