ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բացառիկ. ո՞ր դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել. «Ժողովուրդ»
09:00, 24.06.2021 | mamul.am
3235 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաև այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են եղել այդ գաղտնալսող սարքերը: Նրանք են՝ Ռոբերտ Պապոյան, Նելլի Բաղդասարյան, Աննա Դանիբեկյան, Սերժիկ Ավետիսյան, Տիգրան Փոլադյան, Գևորգ Նարիմանյան, Վազգեն Ռշտունի, Մխիթար Պապոյան, Դավիթ Գրիգորյան և Մանուկ Մարգարյան:

Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից շատերը եղել են աղմկահարույց գործեր քննողներ: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանն ու Դավիթ Գրիգորյանը եղել են Ռոբերտ Քոչարյանի գործը քննողները: Մխիթար Պապոյանին և Վազգեն Ռշտունուն ևս դեռեւս 2019 թվականից կապում են Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման հետ, որն էլ կարդացել էր Դավիթ Գրիգորյանը:

Այսինքն՝ այս ցանկում պատահական անուններ չկան, և նրանց աշխատասենյակներում գաղտնալսող սարքեր տեղադրելը կոնկրետ նպատակ է հետապնդում: Ամեն դեպքում, այս ընթացքում դատավորների աշխատասենյակներում ներքին դիտումներ են կատարվել, լսվել են նրանց հեռախոսային խոսակցություններն ու նամակագրությունը, և բացահայտումներ են եղել։ Դրանց կանդրադառնանք հաջորդիվ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր