ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը». Արման Բաբաջանյան
13:24, 26.07.2021 | mamul.am
4267 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք չպետք է տրվենք պատրանքի, որ աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոն մեզ նայում է բարի, որևէ այլ կենտրոն՝ չար աչքով: Բոլորը մեզ նայում են իրենց շահերի պրիզմայով, դա օբյեկտիվ իրողությունն է, հետևաբար մենք էլ մեր անվտանգային այլընտրանքները դիտարկելիս պետք է դրանց վեկտորները չափենք այն շահերով, որ կարող են ունենալ այդ վեկտորների հասցեատեր պետությունները:

Այլ կերպ ասած, մենք պետք է հասկանանք և առավելագույնս հստակ ձևակերպենք ոչ միայն այն, թե ինչ ենք մենք ուզում, այլ նաև, թե ինչ են ուզում այս ռեգիոնում և մեզանից այն ուժային կենտրոնները, որոնց հետ մենք կառուցում ենք անվտանգային երկարաժամկետ հարաբերություններ կամ մտադիր ենք կառուցել, աշխատել այդ ուղղությամբ:

Ի վերջո, այդ դիսկուրսը մենք պետք է զտենք ավելորդ զգայական և գեղագիտական բառապաշարից ու հռետորաբանությունից և առավելագույնս մոտեցնենք, այսպես ասած, մաթեմատիկական տրամաբանության, այսինքն՝ չոր «թվեր», չոր հաշվարկ: Եվ թերևս առանցքայինը:
Երբ մենք խոսում ենք այլընտրանքի, բազմազանության ու դիվերսիֆիկացիայի մասին, մենք ոչ միայն չպետք է դրանից դուրս թողնենք համահայկական ռեսուրսը և շրջանակը, այլ ավելին՝ մենք պետք է դիտարկենք այն որպես «ճարտարապետական առանցք» և բացառիկ մեխանիզմ, որը թույլ կտա բարդ աշխարհում գտնել մանևրի առավելագույն «փափուկ» միջավայրը:

Ըստ այդմ՝ թերևս ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը և այն համապատասխանեցնել աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Խոսքն աշխարհաքաղաքական փաթեթավորման մասին չէ, այլ մշակումների հիմքում չափման, պրիզմայի, որից պետք է բխեն աշխատանքային օրակարգերը:

Անկասկած է թերևս, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեխանիզմը նոր իրողություններում Հայաստան-Սփյուռք հարաբերության բավարար մեխանիզմ չէ: Սա չի նշանակում ավտոմատ վերադարձ Սփյուռքի նախարարության, բայց արդիական մեխանիզմի հարցը հրամայական է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր